Armenian
Armanian Unicode
Russian
English
Turkish


Armenian Genocide


© AZG Daily, 2008


[ՄՇԱԿՈՒՅԹ] [ՄԵՐ ՄԱՍԻՆ] [ՈՐՈՆՈՒՄ]

AZG Armenian Daily #042, 11/03/2010

Ընթացիկ

ԼԵՆՄԱՐԿԵՐ. ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է

Ղարաբաղյան հարցին անդրադառնալիս հատկապես եվրոպական չինովնիկներն ավելի հաճախ նախընտրում են անդեմ ու ոչինչ չասող արտահայտություններ, քանի որ շատ մեծ է հակամարտության առնչությամբ որեւէ մտքի հետագա զարգացումների պատասխանատվությունը:

Տարբեր միջազգային կազմակերպություններում էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին հետեւող կառույցները եւ դրանց ղեկավարները եւս հնարավորինս զգուշավոր ու հավասարակշիռ են փորձում հանդես գալ` բանակցություններում ներգրավված կողմերին դուր չեկող արտահայտությունները թողնելով հենց կողմերին:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ղարաբաղյան հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում տարածաշրջան մարտի 9-16-ը այցելությունից առաջ հայտարարել է, թե լավատեսորեն է տրամադրված ղարաբաղյան հարցի կարգավորման հարցում. «Համաձայնեցված պրեամբուլան լավ մեկնակետ է: Իմ ակնկալիքներն այնպիսին են, որ ե՛ւ Երեւանը, ե՛ւ Բաքուն քաղաքական կամք ունեն առաջ ընթանալու եւ հասնելու խաղաղ ու երկարաժամկետ կարգավորման»:

Լենմարկերը որպես չկարգավորված հակամարտությունների շատ վատ ազդեցության օրինակ է նշել 2008-ի մի քանի օրվա պատերազմը հարավօսական տարածքում, ընդգծելով, որ չլուծված հակամարտությունները վտանգավոր են: ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը ընդգծել է, թե եկել է ժամանակը քաջություն ցուցաբերելու ու լուծելու ղարաբաղյան հակամարտությունը:

«Դա հեշտ չէ, բայց այլընտրանքը չափազանց թանկ է երեւում: Չի կարելի թույլ տալ հակամարտության ռազմական լուծում, ինչը միայն կբերի մեծ ավերումների, զոհերի ու փախստականների», ասել է Լենմարկերը, ավելացնելով, որ այս հակամարտությունը սառեցված չէ. մարդիկ են զոհվում շփման գծում, եւ այդպես չպետք է շարունակվի:

Ըստ էության կշռադատված ու էլի ոչինչ չասող այս հարցազրույցի կողքին արդեն իսկ տարածաշրջան այցելության առաջին օրը, Թբիլիսիում, Լենմարկերը, սակայն, հայտարարել է, թե եկել է հակամարտության կարգավորման ճանապարհը գտնելու ժամանակը: «Մինսկի խմբի գործունեությունն, իմ կարծիքով, հիմք է խնդրի լուծման այնպիսի ուղիներ որոնելու համար, որոնք կբավարարեն եւ երկու երկրներին, եւ նրանց նախագահներին: Խնդրի լուծումն առավել կարեւոր է Ադրբեջանի համար, քանի որ այդ երկիրը բազմաթիվ փախստականներ ունի, անհրաժեշտ է վերականգնել նրանց իրավունքը` վերադառնալու հարազատ բնակավայրեր»:

Գորան Լենմարկերն արդեն Հայաստանում է, հուսանք՝ գոնե այս անգամ Լենմարկերին կհիշեցնեն նույն հակամարտության պատճառով փախստական դարձած հայերի ու նրանց խնդիրների մասին:

Ավելին, հետաքրքրական է, թե Եվրոպայում, այն էլ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ինչպես են մոտենում մադրու իրավունքների պաշտպանության հարցերին, երբ հակամարտության ամենահրատապ հարցը համարվում է մեկ կողմի հնարած թվով փախստականների վերադարձը, հենց Լեռնային Ղարաբաղի բնակչության խնդիրները Լենմարկերի համար կարծես մնացել են ուշադրությունից դուրս:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

AZG Armenian Daily #042, 11/03/2010



ARMINCO Global Telecommunications Геноцид армян