Armenian
Armanian Unicode
Russian
English
Turkish


Armenian Genocide


© AZG Daily, 2008


[ՄՇԱԿՈՒՅԹ] [ՄԵՐ ՄԱՍԻՆ] [ՈՐՈՆՈՒՄ]

AZG Armenian Daily #042, 11/03/2010

ՍԻՐԵԿԱՆԸ, ԱՄՈՒՍԻՆԸ ԵՎ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՕԺԻՏԸ

Ղարաբաղի հիմնահարցի լուծման մի շարք տարբերակներ կան` հայտնի եւ անհայտ, ընդունելի եւ մերժման ենթակա: Կան նաեւ տարբերակներ, որոնք առաջ են քաշում հակամարտող կողմերը, դրանք սովորաբար համաձայնեցված չեն կողմերի միջեւ, իսկ հրապարակայնացվում են պարզապես աղմուկ հանելու, որոշ «բաներ ճշտելու» համար: Այս առումով առանձնանանում է Ադրբեջանը, որը հորինելու վաղուց հայտնի վարպետ է, որտեղ հաճախ հակասում են ոչ միայն խոսքերն ու գործերը, այլեւ նույնիսկ խոսքերն ու այլ խոսքերը: Ադրբեջանական «Զերկալո» թերթը բավական հետաքրքրական հրապարակմամբ է հանդես եկել, որտեղ Ղարաբաղի հիմնահարցի լուծման յուրաքանչյուր տարբերակ համարվել է ոչ ձեռնտու Ադրբեջանին: Այսպես, թերթը գրում է, որ Բաքուն կանգնած է ընտրության առջեւ. «Եթե գնանք աջ` կմնանք առանց գլխի, եթե գնանք ձախ` կմնանք առանց գլխի, եթե ուղիղ գնանք` կրկին կմնանք առանց գլխի, իսկ եթե սպասենք ու մտածենք, ապա հանկարծ կողքից կլսենք` եթե երկար մտածեք` կմնաք առանց գլխի»: Այնուհետեւ «Զերկալոն» ներկայացնում է հակամարտության լուծման 4 տարբերակներ: «Առաջին տեղում» պատերազմի վերսկսումն է, իսկ այս դեպքում, ըստ «Զերկալո»-ի, Ադրբեջանը ընդմիշտ կկորցնի Ղարաբաղը, ինչպես Վրաստանը կորցրեց Աբխազիան եւ Հարավային Օսիան: Երկրորդ տարբերակը սպասումն է. «Այս տարբերակը նույնպես անընդունելի է մեզ համար, քանի որ սա հնարավորություն կտա շահագրգիռ երկրներին` մանեւրելու, ինչը չի կարող բխել Բաքվի շահերից», գրում է թերթը: Երրորդ ճանապարհը՝ երբ Բաքուն համաձայնում է 7 շրջանների վերադարձին, իսկ Ղարաբաղի կարգավիճակը որոշվում է համընդհանուր հանրաքվեով. «Եվ այս վերջինով էլ ընդմիշտ կկորցնենք Ղարաբաղը, քանի որ հանրաքվեի արդյունքները դրա չանցկացված լինելու դեպքում էլ պարզ են», ընդգծել է «Զերկալոն»: Իսկ վերջին տարբերակը, ըստ ադրբեջանական թերթի, այն է, որ Բաքուն հետ է ստանում 7 շրջանները, իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցի որոշումը սկսում է ձգձգել. «Այս տարբերակը նույնպես չի կարող գոհացնել Ադրբեջանին, քանի որ նշանակում է պահպանել «ամուսնական հարաբերությունները» եւ աչք փակել «սիրեկանի գոյության վրա»: Ընդ որում՝ այստեղ անհրաժեշտ է մտածել նաեւ «հարսանեկան օժիտի մասին», խոսքը Լաչինի միջանցքի մասին է, որը, ակնհայտ է, պետք է ունենա հատուկ կարգավիճակ», եզրակացնում է «Զերկալոն»:

Վերջում ադրբեջանական թերթը նշում է, որ վերջին ժամանակներում «հայտնվել են մարգարեներ», որոնք խոսում են, թե Ղարաբաղի հարցը պետք է լուծել` հիմք ընդունելով տարածքային ամբողջականության սկզբունքը. «Փոխարենն այդ «մարգարեները խոսք են տալիս Բաքվին` ընդգրկել նրան «ռուսական գեոպոլիտիկ տարածաշրջանում», սակայն հարցն այն է, թե ի՞նչ կտա Ադրբեջանին այդ ընդգրկումը», եզրափակում է «Զերկալոն»:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

AZG Armenian Daily #042, 11/03/2010



ARMINCO Global Telecommunications Геноцид армян