AZG Armenian Daily #042, 11/03/2010 |
Անցուդարձ 50 ՏՈԿՈՍՈՎ ԿՆՎԱԶԻ ՄԵՏՐՈՅԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱԽՍԸ

Երեւանի մետրոպոլիտենին՝ 15 մլն եվրո Ֆինանսների նախարարությունում երեկ ստորագրված երեք պայմանագրերով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 15 մլն եվրո հատկացրեց Երեւանի մետրոպոլիտենի արդիականացման ծրագրին: ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգի հետ համապատասխան պայմանագրերը կնքեցին ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ Երեւանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը: Պայմանագրերի ստորագրումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը տեղեկացրեց, որ պայմանագրերի ստորագրմանը նախորդել էին մեկուկես տարի տեւած բանակցություններ: 15 մլն եվրո վարկից 5 մլն եվրո տրամադրել է ՎԶԵԲ-ը, 5 մլն եվրոն՝ Եվրոպական ներդրումային բանկը, իսկ 5 մլն եվրո դրամաշնորհն էլ՝ Եվրոպական միության հարեւանության ներդրումային ծրագիրը: Վարկերն, ըստ նախարարի, տրամադրվել են բավական արտոնյալ պայմաններով՝ 15 տարի ժամկետով, որից 3 տարին՝ առանց վճարումների, 1 տոկոսից «մի քիչ ավելի» տոկոսադրույքով: Նշվեց նաեւ, որ սա Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի առաջին փուլի համար է նախատեսված: Մետրոպոլիտենի վերակառուցման մասին խոսելով՝ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նշեց, որ կարեւորը մետրոյով երթեւեկող երեւանցիների կյանքի ապահովության հարցն է: Այս միջոցները, քաղաքապետի հավաստմամբ, կուղղվեն այդ ապահովության բարձրացմանը: Դրանք աչքի համար տեսանելի չեն լինի, բայց կյանքի համար կարեւոր կլինեն: Քաղաքապետը հայտնեց, որ մասնավորապես փոխվելու է մետրոյի շարժակազմը, լուծվելու է ջրահեռացման հարցը, դրանով իսկ կանխելով մետրոյի քայքայումը, իսկ հեռացված ջուրը կօգտագործվի մայրաքաղաքի կանաչ տարածքների ոռոգման համար: Գագիկ Բեգլարյանը նաեւ ասաց, որ այս ծրագրի իրագործմամբ առաջիկա 30 տարում մետրոյի խնդիրների համար այլեւս չենք անհանգստանա: ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը փաստեց, որ սա առաջին երկարաժամկետ ֆինանսավորումն է, որ տրամադրում է Եվրոբանկը մունիցիպալ տրանսպորտի համար: Նա նաեւ տեղեկացրեց, որ, ի լրումն 15 մլն եվրոյի, ՎԶԵԲ-ը կտրամադրի եւս 1 մլն եվրո որպես տեխնիկական աջակցություն: Անդրադառնալով Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցմանն ուղղված այս ծրագրին, Վալերիու Ռազլոգը հատկապես կարեւորեց այն հանգամանքը, որ շուրջ 50 տոկոսով կնվազեն մետրոպոլիտենի էլեկտրական էներգիայի ծախսերը, կփոխվեն ջրի պոմպերն ու էլեկտրական հաղորդիչները: ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Մետրոյի նոր ելք Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում Պատասխանելով այն հարցին, թե մետրոյի նոր կայարանի կառուցումը ե՞րբ հնարավոր կլինի, երեկ, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հայտնեց, որ այդ նպատակով բանակցություններ են ընթանում Ասիական զարգացման բանկի հետ: Նա հնարավոր համարեց, որ կկառուցվի մետրոյի նոր ելք՝ Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում, ինչպես նաեւ Աջափնյակի կիսակառույց կայարանը: Ա. Մ.
AZG Armenian Daily #042, 11/03/2010 |
|