AZG Armenian Daily #042, 11/03/2010 |
Մշակույթ ԱՐՋԻ ՄՈՐԹԻՆ ԲԱԺԱՆԵԼՈՒ ԱՆՈՒՐՋՆԵՐՈՎ ՏԱՐՎԱԾ Սույն հոդվածը նախատեսել էինք հրատարակել «Ազգի» առաջիկա՝ մարտի 13-ի մշակութային հավելվածում, որտեղ նույն թեմայի շուրջը նախապես հրատարակել էինք խմբագրության կազմակերպած «կլոր սեղանի» նյութերը (2009 թ. դեկտ. 19) եւ դրանց առաջին արձագանքը՝ դիրիժոր Զավեն Վարդանյանի հոդվածը (2010 թ. փետր. 27): Սակայն, ընդառաջելով հոդվածագրի՝ տպագրությունն արագացնելու ցանկությանը, հոդվածը ներկայացնում ենք ներկա համարում: Սկզբից ասենք, որ համաձայն չենք հարգարժան հոդվածագրի այն պնդումներին, թե, իբր, մի խումբ մարդիկ, անձնական խնդիրներ լուծելու հետամուտ, «վարկաբեկիչ հոդվածներ» եւ «կլոր սեղան» են կազմակերպում օպերային թատրոնի ներկայիս ղեկավարության դեմ: Թատրոնը, այն էլ օպերային մեր միա՛կ թատրոնը պետք է լինի հասարակության, հետեւաբար մամուլի ուշադրության կենտրոնում: Ուստի խմբագրությունս, նույնիսկ ուշացումով, իր պարտականությունն է կատարում նման հրապարակումներով ու շարունակելու է կատարել: Մեզ վշտացնում է հոդվածում ընդգծվող չարակամությունը ամեն մի քննադատության նկատմամբ, ինչպես նաեւ վիրավորական վերաբերմունքը քննադատողների նկատմամբ, որոնք, ընդգծենք, բոլորն էլ պրոֆեսիոնալ երաժշտագետներ ու երաժիշտներ են: Սա խիստ հայկական, ավելին՝ գավառական երեւույթ է: Փաստորեն, պետական օպերային մեր թատրոնի ղեկավարությունը պատրաստ է միայն եւ միանշանակ գովեստ լսելուն, իսկ թատրոնի կացության շուրջը մտահոգություններ՝ երբեք, «կա՛մ գովեք, կա՛մ լռեք» սկզբունքով: Ի դեպ, վերջին տարիների միակ գովելին «Սպարտակի» բեմադրությունն էր, որին մեր թերթը դրվատանքով անդրադարձավ՝ տպագրվող հոդվածում ակնարկված երաժշտագետներից մեկի գրչով: ԽՄԲ. Ճիշտն ասած՝ անիմաստ ու անպտուղ բանավեճերի մասնակցելու որեւէ նպատակ ես չունեի, քանզի նախընտրում եմ զբաղվել ոչ թե պարապ խոսակցություններով կամ զրպարտությունների հերքմամբ, այլ կոնկրետ գործով: Եվ այդուամենայնիվ... Անցած աշնանը մամուլում անսպասելի ու անհասկանալի արշավանք սկսվեց մեր ազգային հարստություններից մեկի՝ Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դեմ: Եվ ինչպես վերջին տարիներին ընդունված է մեզանում՝ ագրեսիվ փոքրամասնությունն իր ակտիվ ելույթներով տենչում է սեփական սուբյեկտիվ կարծիքը փաթաթել իր գործով զբաղված ու հերյուրանքներից հեռու կանգնած մեծամասնության վզին: Նպատակը մեկն է՝ ստեղծել հասարակական թյուր կարծիք, թե, իբր օպերային թատրոնը գտնվում է ստեղծագործական, ադմինիստրատիվ տեւական ճգնաժամի մեջ, ինչն էլ սպառնում է այդ օջախի քայքայմանը: Դրա հետեւանքը դարձավ փոթորիկը՝ մեկ գավաթ ջրում. վարկաբեկիչ հոդվածներ, կլոր սեղան՝ օպերային թատրոնի ապագայով «մտահոգ» երաժիշտների եւ երաժշտական թատրոնի հետ կապ չունեցող երաժշտագետների մասնակցությամբ՝ առանց օպերային թատրոնի պատասխանատուների եւ երաժշտական թատրոնով զբաղվող երաժշտագետների՝ ի սկզբանե բացառվեց հակառակ տեսակետի հնարավորությունը: Եվ դա այն դեպքում, որ 2009-ին օպերային թատրոնն աշխատել էր մեծ եռանդով՝ բեմ բարձրացավ «Սպարտակը»՝ Յուրի Գրիգորովիչի հրաշալի բեմադրությամբ՝ դառնալով նշանակալի երեւույթ մեր հանրապետության վերջին տարիների մշակութային կյանքում (ի դեպ՝ Մոսկվայի Մեծ Թատրոնում «Սպարտակի» գրիգորովիչյան բեմադրությունը 1970-ին արժանացել է ԽՍՀՄ բարձրագույն պարգեւին՝ Լենինյան մրցանակին, իսկ երեւանյան բեմադրությունը չկարողացավ բավարարել հեղինակավոր «խստապահանջ» հանձնախմբի պահանջները, եւ «Սպարտակը» չկարողացավ արժանանալ 2009-ի ՀՀ Պետական մրցանակին): Այդ հաջողության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով տարեմուտի շեմին Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրվեց բալետի բեմադրող դիրիժոր, օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր (2001-ից), ՀՀ վաստակավոր արտիստ (2006), տաղանդավոր երաժիշտ Կարեն Դուրգարյանը, ով միայն 2008-ին Սանկտ Պետերբուրգի Միխալկովսկի թատրոնում ներկայացրել է Պ. Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերան, Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում՝ Դոնիցետտիի «Սիրո թուրմ» օպերայի բեմադրությունը, բեմադրել ու ղեկավարել է Ա.Խաչատրյանի «Սպարտակի» ութ ներկայացում Սանկտ Պետերբուրգի Միխալկովսկի թատրոնում, չորս ներկայացում՝ Լոնդոնի «Կոլիզեում» թատրոնում, ով իր երիտասարդ տարիքում արդեն հասցրել է հյուրախաղերով շրջագայել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Ճապոնիայում, Կանադայում, Իտալիայում, Իսպանիայում, Հունաստանում, Շվեյցարիայում, Քուվեյթում, Լիբանանում, Սիրիայում... Մովսես Խորենացու մեդալների արժանացան «Սպարտակի» մենապարողներ Ռուբեն Մուրադյանը, Ժակելինա Սարխոշյանը, Նարեկ Մարտիրոսյանը եւ Մարիա Դիվանյանը: Եվ պատահական չէ, որ բոլորովին վերջերս Մոսկվայի Մեծ թատրոնի վաշինգտոնյան հյուրախաղերի ընթացքում «Սպարտակի» ներկայացման համար Յու. Գրիգորովիչը հրավիրում է նաեւ մե՛ր Սպարտակին՝ Ռուբեն Մուրադյանին: Բայց... ո՞վ իմացավ դրա մասին: Մեր օպերային թատրոնի ներկա վիճակով ու ապագայով «մտահոգ» ընկերները, անտեղյակ դրան, այս ֆոնի վրա ծավալեցին հարձակման նոր ալիք՝ վերստին բորբոքելով կրքերն օպերային թատրոնի շուրջ: Անկեղծ ասած՝ կարդում եմ հրապարակումները, եւ մի պահ տպավորություն է ստեղծվում, թե խոսքը ոչ թե մեր օպերային թատրոնի մասին է, որի հաջողությունների ականատեսն ենք բոլորս, այլ, ասենք, Էկվադորի կամ Սալվադորի թատրոններից որեւէ մեկի մասին, որտեղ երբեւիցե չեմ եղել ու ակամա պարտավոր եմ հավատալ: Վերսկսված արշավանքի նպատակը պարզ է ու թափանցիկ. թատրոնը «փրկելու» «ազնիվ» նպատակով պարոնայք որոշել են գրոհով ձեռք բերել օպերային թատրոնի տնօրենի, գլխավոր դիրիժորի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնները: Իսկ ինչու ոչ, եթե գլխավորը ոչ թե պրոֆեսիոնալ ունակություններն են ու տվյալ ասպարեզում աշխատանքի փորձը, այլ ճարպկությունն ու զոռբայությունը: Ուրեմն՝ ի՞նչ է հարկավոր: Փառք աստծո, թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնն այսօր թափուր է, բայց, այ, տնօրենի եւ գլխավոր դիրիժորի պաշտոնները՝ ոչ: Ուստի անհրաժեշտ է ընդամենը վարկաբեկելով հասնել տնօրենի ու գլխավոր դիրիժորի պաշտոնանկությանը. դե, թերթերում լույս կտեսնեն մի քանի ջախջախիչ հոդվածներ, դե նրանք էլ՝ նուրբ հոգու տեր, դյուրազգաց երաժիշտներ, խուսափելով «խայտառակությունից», հրաժարականներ կներկայացնեն մշակույթի նախարարին, պաշտոնները կմնան թափուր եւ այնտեղ կհայտնվեն իրենք: Նպատակս ամենեւին էլ օպերային թատրոնի ղեկավարության ու կոլեկտիվի պաշտպանությամբ հանդես գալը չէ. նրանք դրա կարիքն ամենեւին չունեն: Հատուկ պաշտպանության կարիք չունի հայկական իրականության մեջ առաջին ու միակ պրոֆեսիոնալ օպերային թատրոնը՝ մեկը մեր երաժշտական աշխարհի եզակի կոլեկտիվներից, որը դեռ 1956-ից կրում է «ակադեմիական» սակավադեպ շնորհվող բարձր կոչումը եւ տասնամյակներ շարունակ հայրենական երաժշտարվեստի պարծանքներից է: Սակայն լռել էլ անկարող եմ, քանզի այսօր ինձ խորապես հուզում է մեր երաժշտական աշխարհում արդեն ցավալիորեն խարիսխ գցած այն մտայնությունը, որ համառորեն ժխտվում ու մերժվում են իսկական արժեքները եւ գովերգվում միջակությունն ու գորշությունը: Եվ երիցս ցավալի է, որ դրան մասնակից են դառնում հենց երաժիշտներն ու երաժշտագետները: Սա դատապարտելի միտում է՝ ուղղված ոչ միայն օպերային թատրոնի, այլեւ մեր երաժշտական մշակույթի, մեր հայրենիքի ազգային անվտանգության դեմ: Ակամա մտածում ես՝ ո՞ւմ է դա ձեռնտու: Որտե՞ղ էին մեր թատրոնի ներկայով ու ապագայով «մտահոգ» տիկնայք ու պարոնայք ասենք, տասնչորս-տասնհինգ տարի առաջ, երբ թատրոնը զրկված էր ազգային խաղացանկից: Տարիների ընթացքում՝ թատրոնի ներկայիս տնօրինության՝ հանձին Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Կամո Հովհաննիսյանի եւ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի անդուլ ջանքերի եւ ստեղծագործական կոլեկտիվի մեծ նվիրումի շնորհիվ այսօր խաղացանկում ունենք հայ դասական օպերաներն ու բալետները՝ Տիգրան Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (2007, դիր.՝ Կ. Դուրգարյան, բեմ.՝ Գ. Գրիգորյանի), Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» (2009, դիր.՝ Յու. Դավթյան, բեմ.՝ Գ. Իսահակյանի), Արմեն Տիգրանյանի «Անուշ» (2003, դիր.՝ Կ. Դուրգարյան, բեմ.՝ Գ.Գրիգորյանի) եւ «Դավիթ Բեկ» (2007, դիր.՝ Կ.Դուրգարյան, բեմ.՝ Գ. Գրիգորյանի), Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» (2008, դիր.՝ Ռ.Ասատրյան, բեմ.՝ Լ. Իվանյանի) օպերաները, Արամ Խաչատրյանի «Սպարտակ» (2009, դիր.՝ Կ. Դուրգարյան, բեմ.՝ Յու. Գրիգորովիչի) ու «Գայանե» (2004, դիր.՝ Կ. Դուրգարյան, բեմ.՝ Վ.Գալստյանի), Էդգար Հովհաննիսյանի «Վարդանանք» (2008, բեմ.՝ Ռ. Խառատյանի) բալետները: Իրականացվել են՝ Էդվարդ Սադոյանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» օպերայի թատերականացված համերգային 3 կատարումները, ներկայացվել Աշոտ Բաբայանի թատերականացված «Սպիտակ» սիմֆոնիան: Ընդլայնվել է հյուրախաղային գործունեության աշխարհագրությունը. թատրոնը հանդես է եկել Մոսկվայում («Նորմա», 2003, հունվար), Բեյրութում («Տրավիատա», 2001, փետրվար), ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցի շրջանակներում 2007-ի ապրիլին «Գայանեն» մեծ հաջողությամբ ներկայացրել Եգիպտոսում, ինչպես նաեւ Թուրքիայում (2005, ապրիլ) եւ Դուբայում (2008, փետրվար-մարտ): Ակնհայտ է՝ մեր օպերային թատրոնն այսօր անկասելի վերելքի ճանապարհին է: Եվ դա շնորհիվ հանրապետության բարձր ղեկավարության՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից թատրոնին ցույց տրվող մշտական աջակցության, շնորհիվ օպերային թատրոնի ստեղծագործական ողջ կոլեկտիվի նվիրական ջանքերի, շնորհիվ մեր հանդիսատեսի նախանձախնդիր ակտիվության: Վերջին անգամ օպերային թատրոնում եղել եմ ընդամենը օրեր առաջ՝ «Արշակ Երկրորդի» ներկայացմանը: Եվ ի՞նչ: Դահլիճը լեփ-լեցուն էր օպերային երաժշտության երկրպագուներով, ովքեր ներկայացումն ընդունեցին մեծ խանդավառությամբ, որոտընդոստ ծափահարություններով... Հիրավի, այսօր Երեւանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում աշխատում են նվիրյալներ, ես կասեի՝ մերօրյա հերոսներ, ովքեր անում են հնարավորն ու անհնարինը՝ ի շահ մեր երաժշտական արվեստի առաջընթացի: ...Պաշտոններ ձեռք գցելու մարդկանց մոլուցքը, թերեւս, ինչ-որ տեղ հասկանալի է. ինչպես ասում էր Բոնապարտը՝ վատ է այն զինվորը, որը չի ուզում գեներալ դառնալ: Բայց հանուն անձնական կարիերայի ցեխ շպրտել ստեղծագործական լիարժեք կյանքով ապրող մի ամբողջ կոլեկտիվի վրա, պախարակել արվեստի նվիրյալներին՝ սա արդեն, իմ կարծիքով, կոռեկտ չէ: Իսկ գուցե այդ ամենի ետեւում կանգնած են ուրիշ տեղից ղեկավարվող ինչ-որ ուժեր, ում բոլորովին պետք չէ հեղինակավոր ու ստեղծագործական լիարյուն կյանքի ձգտող ազգային մշակութային օջախ, դասական արվեստի չափանիշներով առաջնորդվող օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոն, եւ այդ նպատակով ուզում են մի կողմից՝ հուսահատության մատնել ու ծնկի բերել թատրոնի ստեղծագործական կոլեկտիվին, իսկ մյուս կողմից՝ պատրանք ստեղծել, թե Հայաստանում ամեն ինչ վա՛տ է, շա՛տ վատ: Գուցե: Եվ զարմանալին այն է, որ այդ ամենը փարիսեցիորեն ու նախանձելի վարպետությամբ ներկայացվում է որպես ոչ այլ ինչ, քան հայ օպերային արվեստի ներկայի ու ապագայի նկատմամբ այսպես կոչված «անհանգստության ու տագնապի դրսեւորում»: Ո՞ւմ է դա ձեռնտու... Պատասխանը թողնում եմ ընթերցողին: ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ, ՀՀ հանրային խորհրդի անդամ, արվեստագիտության դոկտոր, երաժշտագետ
AZG Armenian Daily #042, 11/03/2010 |
|