AZG Armenian Daily #042, 11/03/2010 |
Մշակույթ «ԱՐՄՄՈՆՈ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՐՏԻ 17-24-Ը «ԱՐՄՄՈՆՈ» առաջին միջազգային փառատոնը տեղի է ունեցել 2003-ին, որի հիմնադիրն է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: Այս տարի, ինչպես տեղեկացրեց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, հայ դերասաններից բացի փառատոնին կմասնակցեն նաեւ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Լեհաստանից եւ Սերբիայից հրավիրված դերասաններ, թատերասերների դատին հանձնելով 18 ներկայացում: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա Մարզահամերգային համալիրում՝ Մոսկվայի էստրադայի թատրոնի «Ես վերհիշում եմ...» մոնոներկայացումով, որտեղ հանդես կգա ճանաչված ու սիրված դերասան Գենադի Խազանովը: Փառատոնի շրջանակներում հանդես կգա նաեւ Մոսկվայի Ե. Վախթանգովի անվան թատրոնը՝ Ռիմաս Տումինասի «Խելագարի հիշատակարանը» բեմադրությամբ: Ռուսական ծրագրի շրջանակներում թատերասերներին կներկայանա ճանաչված դերասանուհի Օլգա Կուզինան իր «Ես եմ ճայը» մոնոներկայացմամբ, որի բեմադրիչն է Հակոբ Ղազանչյանը: Ի դեպ, այս բեմադրությունը ռուս-հայկական համատեղ նախագիծ է, որը ստեղծվել է Ա. Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի պետական դրամատիկական թատրոնի եւ Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի համագործակցությամբ: Փառատոնի միջազգային ծրագիրը ներառում է հայտնի դերասան Դանիել Լյուդվիգի (Շվեյցարիա) «Մուհամեդի ճանապարհորդությունը», Յանոշ Ստոլարսկու (Լեհաստան) «Կարմիր կոշիկների վրեժխնդրությունը» եւ «Ծածկագիր» ներկայացումները: Այդ թվում է նաեւ Վերա Մվովիչի (Սերբիա) ըստ Մարինա Ցվետաեւայի «Սոնեչկա» մոնոներկայացումները: Փառատոնի պատվավոր հյուրերի շարքում ֆրանսիական «Էտոնեն» թատրոնը կներկայացնի Սերժ Ավետիքյանի բեմադրած «Հայկական համերգ կամ թուրքական ասացվածք» մոնոներկայացումը: Փառատոնի հայաստանյան ծրագրում հանդես կգան Արամ Հովհաննիսյանը` «Արա Գեղեցիկ» մոնոներկայացմամբ, Կարինե Ջանջուղազյանը` «Լույսը կբացվի», Արեն Վաթյանը` «Զանգ վերեւից», Սամվել Բաղինյանը` «Մատյան ողբերգության», Արմեն Սանթրոսյանը` «Մի քաղաքի պատմություն» եւ Նարինե Գրիգորյանը` «Թռիչք քաղաքի վրա» ներկայացումներով: Փառատոնն իրենց ներկայությամբ կպատվեն մոնոփառատոների ղեկավար-պրոդյուսերներ Լեհաստանից, Ուկրաինայից, Շվեյցարիայից եւ Գերմանիայից: Փառատոնն անց է կացվում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: Փառատոնի կայացմանը աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Թատերական գործիչների միությունը: Փառատոնի գլխավոր հովանավորն է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն ու «Մուլտի Գրուպ» կոնցեռնը: ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
AZG Armenian Daily #042, 11/03/2010 |
|