Armenian
Armanian Unicode
Russian
English
Turkish


Armenian Genocide


© AZG Daily, 2008


[ՄՇԱԿՈՒՅԹ] [ՄԵՐ ՄԱՍԻՆ] [ՈՐՈՆՈՒՄ]

AZG Armenian Daily #042, 11/03/2010

Պատմվածք

ՍԱՐԱՀԱՐԹԻ ԶՈՀԵՐԸ

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Սկիզբը՝ փետրվարի 18-ի, շարունակությունը՝ փետրվարի 25-ի եւ մարտի 4-ի համարներում

- Ես ռուսական գյուղում եմ ծնվել ու մեծացել,- շարունակեց կինը,- անհամեմատելի է բնությունը. գետ, անտառ, մարգագետին... Սիբիրում եմ ապրել, մինչեւ Հեռավոր Արեւելք գնացել եմ, Եվրոպայով եմ անցել, Լեհաստանից մինչեւ Ֆրանսիա... Այսպիսի չորություն ոչ մի տեղ չեմ տեսել... Մարդիկ էլ խեղճ են, գորշ դեմքերով, վատ հագնված, նույնիսկ երեխաները վառ զգեստներ չեն հագնում...

Համաձայն էի իհարկե: Ինքս թափառական էի, տարվա տասն ամիսը Հայաստանում չէի, ե՛ւ սիբիրյան անտառներին էի լավ ծանոթ, ե՛ւ դոնյան տափաստաններին ու Հյուսիսային օվկիանոսի ծովերին, ե՛ւ այլ հրաշալիքների, բայց եւ այնպես մեր սարերը յուրահատուկ էին... Քսան տարի անց անծանոթ կնոջ խոսքերը հասկացրին ինձ, որ այս տեսարանով չի կարելի հիանալ...

- Դու հա՞յ ես,- հարցրեց փորագրիչը:

- Ինչո՞ւ եք հարցնում, հայերենս լավ չէ՞,- անհանգստացավ կինը:

- Լավ չէ,- կատակեցի,- շատ լավ է, մաքուր գրական հայերեն:

- Գրքերով եմ սովորել,- կարծես թե ուզում էր ժպտալ,- հորս շնորհիվ, շատ խստապահանջ էր, ամեն օր հետեւում էր, որ իր հանձնարարությունները կատարեմ, դասերից բացի, եւ Երեւանից ինձ համար գրքեր ու ամսագրեր էր բերել տալիս:

- Ես էլ գիտեի, թե Երեմի աղջիկն ես,- պարզամտորեն ասաց փորագրիչը:

- Ես նրա աղջիկը չեմ,- հանկարծակի զարմանք պիտի արտահայտվեր, ծիծաղ կամ ժպիտ, ոչ մեկը չկար, ձայնը հանգիստ էր, եւ անվրդով շարունակեց՝ կանգնելով,- իմ մնալու անհրաժեշտությունը չի երեւում: Գիշերը պիտի օդանավակայանում լինեմ: Փողը տամ ու գնամ... Հույս ունեմ՝ կվերջացնեք,- շինծու կատակ էր:

- Հոգիս սատանային չեմ ծախել,- չորեց փորագրիչը, ապա երկու հիսունանոցը տեսնելով կնոջ ձեռքին՝ զարմացավ,- հարյուր ռուբլի ինչի՞ համար:

- Տառը՝ երկու ռուբլի, երեսունմեկ նշան...

- Երեսուն,- ընդհատեց փորագրիչը,- վաթսուն ռուբլի տուր, ու՝ վերջ:

- Մնացածը՝ վերեւի համար...

- Ի՞նչ գրեմ:

- Եթե ուրիշ բան չգտաք, գրեք՝ ներիր անմեղներին:

- Լավ, կմտածենք... Դու մեկը տուր,- առատաձեռնությամբ կնոջը գերազանցեց արհեստավորը՝ փաստորեն կես գին վերցնելով,- հիսունը հերիք է:

Կինը չպնդեց, զգացվում էր, որ շտապում է հեռանալ:

Նորից կողքովս պիտի անցներ: Դիմացս կանգնեց եւ... ձեռքը դրեց արմունկիս:

- Սիրում եք ձեր սարերը,- խոսեց ցածրաձայն, արդեն ոչ քիչ առաջվա անվրդովությամբ, եւ ջերմություն էր զգացվում ձայնի մեջ,- հորս պես... վերջին օրը հառաչեց՝ տեսնեի՜ մեր սարերը... անիծված սարերը, անեծքից ազատված...

- Անեծքից ազատվա՞ծ...

Փորագրիչը կրկնեց բարձրաձայն, իսկ ես՝ մտքիս մեջ: Հաջորդ հարցերը նույնպես չհնչեցին. «Մե՞ր սարերի մասին է, ո՞վ է հայրը, որ սիրել է մեր սարերը... Մեր գյուղի՞ց է եղել...»:

Հարցերը շատ էին, սակայն դրանց ժամանակը չէր: Այնքան էր մոտեցել, որ քամուց թրթռացող մազերի ծայրերը քսվում էին դեմքիս ու կրծքիս, գլուխը կախել էր եւ հակվել առաջ՝ թեքված օձիքի տակից պատենավորված մարմնի նեղլիկ շերտ բացելով... Եթե չբռնեի, կհենվեր ինձ երեւի... Էլի հենվեց...

Մի ձեռքով հատիչը եւ մյուսով մուրճը բռնած՝ փորագրիչը թեքված նայում էր մեզ: Նրա մոտ մողես խլվլաց... Ինչն էր շատ մեր սարերում՝ մողեսն ու օձը...

Կարծես Սեդան էր մոտ գալիս, գլուխը կախ, վեհերոտ ու անհամարձակ, սակայն ամեն մի շարժումով ու խոնարհած, թաքցրած հայացքով խնդրելով... Եվ այս կինն էլ՝ զգեստի հպումով արդեն կարեկցանք առաջացնող... Արտաքինով ու ձայնով նմանություն չունեցող անծանոթ կինը, միանգամայն ուրիշ ու տարբեր, մանկության խեղճ ընկերուհուս էր հիշեցնում, որին առանց ցավի ու խղճահարության չէի կարող հիշել:

Տարեց արհեստավորի ապշահարությունն անտեղի էր: Ինքս ամենեւին չէի զարմացել, որ թեւերս արդեն գրկել են ակամա սփոփանքի ձգտող կնոջ ուսերը... Առավել եւս՝ եթե նա տեղական արմատներ ուներ... Ես հավատում էի սարահարթի մոգական ազդեցությանը, որ կարող էր մերձեցնել անծանոթ մարդկանց արյան կանչի պես:

- Կներեք,- հետ քաշվեց կինը, ճկույթի ծայրը մտցրեց ակնոցի տակ, աչքն էր սրբում, եւ կանխեց արհեստավորի հաջորդ հարցը,- հորս չեք ճանաչի, շատ շուտ է հեռացել այս կողմերից, Երեմի եղբայրը...

Փորագրիչի հարցական հայացքը շրջվեց իմ կողմը:

- Ես չեմ լսել Երեմի եղբոր մասին,- ասացի,- առաջին անգամ եմ լսում, որ եղբայր է ունեցել... Երեմին մանկատնից էին բերել...

- Ա~,- փորագրիչը գտավ սարի պահակի դժբախտ կյանքի հիմքը,- որբի բախտ...

- Նրանք եղբայրներ էին,- խոսքն առավ կինը,- հորս էլ էին մանկատնից վերցրել, որբանոցից՝ ասում էր, բայց նա տնից տուն էր ընկել եւ տասնհինգ տարեկանում փախել էր Ռուսաստան... Երբ իմացավ, որ եղբայրն այդպիսի... գարշելի արարք է գործել, կաթված խփեց, քանի տարի անշարժ պառկեց, տանջվեց... Հաջորդը խփեց, երբ իմացանք, որ Երեմն անմեղ է եղել...

Գյուղում մի քանի օրում էր հայտնի դարձել, իսկ նրանք տարիներ անց էին իմացել:

- Եղբայրս ուզում էր գալ, գտնել հորեղբորս գերեզմանը, որին երբեք չէինք տեսել ես ու ինքը, քար դնել, մաքրել հիշատակը... Դժբախտություն պատահեց,- դողաց կնոջ ձայնը, լռելուց հետո շարունակեց,- ես էլ տարիներ անց հազիվ կարողացա գալ... Ահա մեր պատմությունը, որ հարցնողներին բացատրեք, թե ով եւ ինչու գրել տվեց Երեմի անունը... Չե՞ք հավատում...

- Հավատում ենք,- իսկույն արձագանքեցի,- ակնոցդ կհանե՞ս...

- Ինչո՞ւ,- ժպտաց, բայց ժպիտը չէր գծագրվում, ժպիտ էր փակ բերանով, այտերը մի փոքր հետ գնացին, ձայնի մեջ ինչ-որ բան զգացվեց,- ձեր արեւը շատ պայծառ է, իսկ իմ աչքերը թույլ են,- ոչ արագ, մտածկոտ, մոտեցավ մեքենային, բացեց դուռը եւ դեմքը շրջեց,- ես վերջացրի իմ գործը, վարպետ, մնացածը՝ դու գիտես... Բարով մնաք...

- Բարով գնաս, աղջիկ ջան,- ձեռքով արեց փորագրիչը,- հանգիստ գնա...

«Նիվան» գնաց եկած ճանապարհով, ավելի արագ, քան եկել էր եւ կարելի էր իջնել սարից:

Փորագրիչը, որ կանգնել էր հրաժեշտի պահին, նայում էր «Նիվայի» հետեւից, ինչպես եւ ես... «Նիվան» ելավ ձորից, անցավ գրեթե տափակ լանջի վրա տարածված գերեզմանոցը, թեքվելով իջավ դեպի ճանապարհը, որը չէր երեւում, եւ որտեղից կամ գյուղ էր մտնելու, կամ հեռանալու էր...

- Իմացա՞ր ով է,- հարցրեց փորագրիչը:

- Է, պատմեց մարդը,- կարկամեցի:

- Հեքիաթ էր, հորինեց... կամ սուտն ու ճիշտը խառնեց իրար... Սցենարիստ է, Սվերդլովսկի կինոստուդիայում կաշխատի... Ձորի աղջիկն է...

- Ո՞վ...

- Ընկերուհիդ, Սեդան... Տեսա՞ր, երկու անգամ ընկավ գիրկդ, մանկության կարոտն առավ ու փախավ, գնաց... Ես աչքերը տեսել եմ, ըսածիդ պես կապույտ են, համարյա երկնքի գույնի... Տխուր աչքեր ունի...

- Սեդային ես կճանաչեի...

- Քսան տարվա մեջ մարդիկ անճանաչելի կդառնան... Իսկ թե կնիկը մտքին դրե՜ց...

Սեդային ես կզգայի, թեկուզ արտաքինը, ձայնը փոխված, մանկական շփումներն անմոռանալի, բնազդային տպավորություններ են թողնում: Սեդան գար, մտներ այս ձո՞րը, այդպես հանգիստ կանգներ, զններ շրջակայքը... Եվ ինչո՞ւ պիտի հոգար, չարչարվեր հանուն պահակի հիշատակի...

- Մոր մեղքը քավելու համար,- բացատրեց փորագրիչը:

- Բայց գրել է տալիս՝ ներիր անմեղներին: Մորը մեղավոր չի՞ համարում կամ մոր համար ներողություն չի՞ խնդրում...

- «Անմեղները» նոր մտածեց, չզգացի՞ր, խոսքերիցդ հետո... Դու ի՞նչ մասնագետ ես,- ջղայնացավ արհեստավորը,- մարդու հոգին քրքրելով ճիշտ պատասխանը չես գտնի, մարդը մաթեմատիկա չէ՛... Քեզի կըսեմ՝ Սեդան է, չե՞ս հավատա, հետեւից գնա...

- Էլ չի՞ գալու:

- Չէ, պարտք էր՝ տվեց, հոգին ազատեց ու թռավ, չսպասեց գրածը տեսնի գոնե,- պահակի պատմությունից ազդված ու Սեդային կամ անծանոթ կնոջը համակրելով հանդերձ՝ գյումրեցի արհեստավորը վիրավորված էր:

Ես դեռ կարկամանքի մեջ էի: Երբ «Նիվան» անհետացավ տեսադաշտից, հասկացա, որ սխալ եմ գործել: Սեդան լիներ, թե ուրիշը, չպետք է բաց թողնեի նրան: Երբ մոտենում էր մեքենային, գուցե սպասում էր ձայնիս, կանչիս... Հետո այլեւս իմ կողմը չնայեց, փորագրիչի հետ խոսեց, նստեց, ուղղեց մազերը, ակնոցը, սիգարետը վառեց, եւ մեքենան շարժվեց...

Փորագրիչի ասածի պես՝ ընկավ գիրկս... Ուրիշը մի՞թե այդպես կհենվեր, կհպվեր անծանոթ տղամարդուն...

Սա ուրիշ մարմին էր, եթե միայն տարիները չէին ձգել Սեդայի կարճ հասակը եւ վտիտ ուսերը...

Երբ խնդրեցի ակնոցը հանել, կասկածն արդեն խոսել էր եւ խորացավ նրա մերժումից հետո, բայց կասկած էր մնալու, որովհետեւ ես ամենից առաջ հավատալու էի իմ զգացողությանը: Այս կինը սիրելի դարձավ, սակայն Սեդան չէր, իսկ հոնքն ուզում էի տեսնել վերջնականապես համոզվելու եւ հանգստանալու համար:

Փորագրիչը թվերը գրելուց հետո կանգնեց, ուղղեց մեջքն ու ծնկները, առաջին անգամ ծխեց առանց աշխատելու:

- Գրեմ՝ ներիր անմեղներին,- չէր կողմնորոշվում,- սարի պահակի անմեղությունը չի երեւա:

- Իր ասածն անպայման պիտի գրվի,- ես արդեն հասկացել էի...

- Հա, պիտի գրվի,- փորագրիչը նորից սկսեց խփել,- քեզի էլ կվերաբերե...

Հենց ինձ էր վերաբերում, եւ դա մեղադրանք էր: Նույն մեղադրանքը, որ անցած քսան տարիներին չէր թողել ինձ, ուրիշներն էին տալիս՝ արհեստավորը եւ անծանոթ կինը... Իսկ եթե Սեդան էր... Սարի պահակին խնդրում էր ներել անմեղներին, այսինքն՝ նաեւ ինձ, ուրեմն ինքն էլ էր ինձ մեղավոր համարում: Ուրեմն ես մեղավոր էի նաեւ Սեդայի հետ կատարվածի համար...

Սեդան ու սարի պահակն ինձ ցավ էին պատճառում գիշերները, մենակ ժամանակ: Ուրիշների հետ ես նրանց մասին հանգիստ էի խոսում:

Տղան եկավ փորագրիչին տանելու: Մի ժամի գործ էր մնացել, չսպասեցի ավարտին, գերեզմանոց էի մտնելու... հասնեի օդանավակայան... Եթե Սեդան էր, եւս մի հնարավորություն էր տվել ինձ, վերջինը...

Ամեն անգամ, գյուղի կարոտն առնելով եւ հեռանալուց առաջ, հանգստանում էի ծնողներիս գերեզմանի մոտ: Այստեղ պարզունակ ճշմարտությամբ, առանց շեղումների եւ անորոշության, պատասխաններ էի գտնում, գնահատականներ, խրախուսանք կամ հանդիմանություն...

Երկար չկարողացա մնալ, չգիտեմ, թեեւ մինչեւ գիշեր կար ժամանակ...

Լենինական-Երեւան ճանապարհը մտնելով՝ մինչեւ Մարալիկ, որտեղից մեր գյուղը երեւում էր, սովորականի պես դանդաղ էի վարում... Դպրոցական էքսկուրսիայից էինք վերադառնում, երեք օր պտտվել էինք ավտոբուսով՝ Լոռի, Սեւան, Գառնի, Գեղարդ, Երեւան: Առաջին անգամ այդքան բացակայել էինք գյուղից: Երբ Մարալիկի մոտ իջնում էինք սարից, եւ հովտում երեւաց մեր գյուղը, Սեդան բացականչեց հրճվանքով. «Մեր գյուղի օդը փչեց»:

Նրա հետեւի նստարանին էի նստել, գլուխներս հանել էինք լուսամուտից, Սեդայի շիկավուն մազերն ու կարմիր վզկապի ծայրերը փողփողում էին աչքերիս մոտ, գլուխը թեքում ու նայում էր ինձ՝ ժպտուն, պայծառ... Ինչպե՜ս էր փոխվում աշխույժ պահերին...

«Գլուխներդ ներս քաշեք»,- բղավեց ավտոբուսի վարորդը՝ բիրտ միջամտությամբ վերջ տալով մեր զվարճությանը: «Ինչ կոպիտ մարդ է»,- մրմնջաց Սեդան ու ներս քաշվելով՝ կծկվեց, սսկվեց: Նա փոքրիկ նկատողությունից անգամ ազդվում էր, իսկ երբ ես էի վիրավորում, օրերով ուշքի չէր գալիս...

Սարերը բարձրանալուց հետո արագացրի, չնայած ուղիղ հատվածները կարճ էին, ճանապարհը բանի նման չէր, «Ժիգուլին» էլ հին էր, թուլացած եւ ոչ իմը: Վթարից չէի վախենում: Վթարը, ինչպես եւ ամեն մի փորձանք, հանկարծակի է լինում, երբ չես սպասում կամ չես մտածում դրա մասին, իսկ ես միշտ մտածում էի եւ կանխում այդպիսով:

Սարերից հետո հարթավայր էր, իբր թե: Նույն սարահարթն էր, միայն մի փոքր ցածրացած ու որոշ չափով հարթված: Էլի ելեւէջներն ու ոլորաններն արագորեն իրար էին հաջորդում եւ զսպում արագությունը: Այստեղ վթարի հավանականությունն ավելի փոքր էր, սակայն ավելի շատ էր պատահում, քան սարերում:

Ես ինձ ապահովագրել էի վթարից, մինչդեռ մտքովս չէր անցել սպիտակ «Նիվան», ինչպես քսան տարի առաջ աչքաթող էի արել Սեդային, որը, անհասկանալի էր, թե ինչու, վերջին դասաժամին հայտնվել էր ձորում:

Ջախջախված սպիտակ «Նիվան» հանում էին բեռնատարի թափքը;

- Վթա՞ր է,- բաց պատուհանից հարցրեցի ավտոտեսուչին:

- Սարից է գլորվել,- պատասխանեց նա:

- Մարդու բան եղե՞լ է,- հաջորդ հիմար հարցը տվեցի:

- Ջահել կնոջ տարան շրջկենտրոնի հիվանդանոց:

Շարունակությունը՝ մարտի 18-ին

AZG Armenian Daily #042, 11/03/2010



ARMINCO Global Telecommunications Геноцид армян